Անունը ոսկե տառերով գրած գեներալը. «Ժողովուրդ» օրաթերթի անդրադարձը Ֆելիքս Ցոլակյանի պատկառելի կենսագործունեությանը

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձ է կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կենսագործունեությանը՝ ուշագրավ փաստերով փորձելով բացահայտել, թե ինչ ճանապարհ է անցել իր «անունը ոսկե տառերով գրած գեներալը» և ով եղել մինչ հեղափոխությունը:

Հոդվածում մասնավորապես ասվում է.
«Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախկին իշխանության հերթական ներկայացուցիչն է հետհեղափոխական կառավարությունում: Նրա մուտքը «Նոր Հայաստան» բավականին հիշարժան էր: Երբ անցյալ տարի` մայիսի 1-ին, ԱԺ-ն հատուկ նիստում վարչապետ էր ընտրում, Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած միակ ՀՀԿ-ական թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն էր: 

Ու մինչ ՀՀԿ-ում իրար էին անցել տեղի ունեցած անսպասելի «դասալքության» հետեւանքով, ֆեյսբուքահայությունն էլ ցնծում էր պատգամավորի «դուխով» քվեարկությամբ, Ցոլակյանն այսպես մեկնաբանեց իր որոշումը. «Հարգելի՛ հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին` իմ խղճի թելադրանքով»: Քվեարկությունից հետո, որի արդյունքներով վարչապետ չընտրվեց, Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Գեներալ Ֆելիքս Ցոլակյանն իր սեփական անունը ոսկե տառերով է գրել ժողովրդի սրտերում եւ հոգիներում»: Ցոլակյանի օրինակը վարակիչ դարձավ, եւ մայիսի 8-ին տեղի ունեցած երկրորդ քվեարկության ժամանակ, դեմ գնալով ֆրակցիայի որոշանը, ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը նույնպես անսաց խղճի ձայնին եւ կուսակցությունից հեռացվելու գնով կողմ քվեարկեց Փաշինյանի օգտին: Ո՞վ էր Ֆելիքս Ցոլակյանը մինչեւ հեղափոխությունը Արդեն քիչ վերը նշեցինք, որ հեղափոխության օրերին Ցոլակյանը Աժ ՀՀԿ-ական պատգամավոր էր: Նա պետական համակարգում աշխատում է անհիշելի ժամանակներից: Մասնավորապես` 1976-1980թթ. ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա` 2-րդ քարտուղար, 1980-1985 թթ. տեղափոխվել է Պետական անվտանգության կոմիտեի /ՊԱԿ/ Գորիսի բաժանմունք` որպեսօպերլիազոր, ապա` ավագ օպերլիազոր: 1985-1991թթ. զբաղեցրել է ՊԱԿ-ի Եղեգնաձորի բաժանմունքի պետի պաշտոնը, 1991-1992թթ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ է աշխատել: 1993-1996թթ. նշանակվել է Ազգային անվտանգության /ԱԱ/ վարչության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.` ՀՀ ԱԱ Շիրակի մարզային վարչության պետ: Այնուհետ` շուրջ երկու տարի` 1997-1999թթ., աշխատել է ՀՀ ԱԱ Երեւանի քաղաքային վարչության պետն էր: 

Քոչարյանի պաշտոնավարման օրոք` 1999-2003 թթ., ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, այնուհետ աշխատանքի անցել ԿԱ հարկային պետական ծառայությունում` որպես պետ: 2007թ. հուլիս-նոյեմբերին եղել է ՀՀ նախագահի խորհրդական, իսկ 2007թ.նոյեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ: 2013-2016 թթ. վերադարձել է հայրենի Շիրակ մարզպետի կարգավիճակում, ապա «հետ կանչվել» Սերժ Սարգսյանի կողմից` նշանակվելով վերջինիս վերահսկողական ծառայության ղեկավար: Իսկ, ահա, նոր կառավարությունում 2018-ի հոկտեմբերից Ցոլակյանը վերստին «իր հագով» պաշտոնի նշանակվեց` ԱԻ նախարար, եւ, փաստորեն, վերադարձավ աշխատանքային ակունքներ` ուժային կառույց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  armlur.am