Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետությանը

«Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը, Առաջին հանրապետության հիմնադրման օրը»,- Սարդարապատում Առաջին հանրապետության 101-ամյակին նվիրված իր ելույթն այս տողով սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1918 թ մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը. դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծայրագույն մի աղետի՝ ցեղասպանության, մեկ ու կես միլիոն հայ սրի էր քաշվել, 100 հազարավորները դարձել էին փախստական և հայ լինելը ինքնին վտանգավոր էր կյանքի համար:

Թվում էր՝ ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը և հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որևէ հավակնությունից: Բայց տեղի ունեցավ հակառակը, անսպասելին, և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է կորցրել էր անդառնալիորեն: Ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, պետական օրհներգ, որը արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միևնույն ժամանակ հրաշափառ պատմությունը»,- ասաց վարչապետը և մեջբերեց Առաջին հանրապետության օրհներգի քառատողը՝

Մեր հայրենիք թշվառ, անտեր 
Յուր թշնամյաց ոտնակոխ, 
Յուր որդիքը արդ կանչում է
Հանել յուր վրեժ քեն ու ոխ:

Մեր հայրենիք, շղթաներով այսքան տարի կապկպված
Յուր քաջ որդոց սուրբ արյունով պիտի լինի ազատված:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կանգնած ենք սուրբ հողի վրա:

«Սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար:

Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին հանրապետությունը և այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է և նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Ահա սա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք միասին հավաքվում ենք այստեղ:

Մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսների առաջ: Մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու նոր բովանդակություն են հաղորդել իրենք՝ իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով:

Շարունակությունը՝ tert.am կայքում: