Կվերականգնվեն Երևան-Սևան ճանապարհի 2 արձանները. տարածքում կտեղադրվի ոստիկանական պահակետ

Կառավարություն որոշմամբ՝ գումար կհատկացվի մշակույթի նախարարությանը Երևան-Սևան միջպետական ճանապարհի երկու արձանների վերականգման համար:

Նախագծի զեկուցող մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտնեց, որ Կոտայքի մարզում գտնվող 2 քանդակային հուշարձանների՝ «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանների վերականգման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության համար հարկավոր է 9 մլն 144 հազար դրամ:

«Արձանները տեղադրված էին Երևան-Սևան միջպետական ճանապարհին և այսօր գտնվում են աղետալի վիճակում: Ոչ միայն բնակլիմայական պայմաններն են ազդել, այլև ենթարկվել են կողոպուտի՝ այսինքն, մշակութային վանդալիզմի: Արձանների մեծ մասը կրկնակի գողացվել են: Այսօր այդ քանդակներն իսկապես կարիք ունեն նորոգման»,- ասաց Ղարիբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է համարում այս հուշարձանների վերականգնումը: Նրա կարծիքով՝ ՀՀ-ում պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը:

«Ամեն անգամ, երբ անցնում եմ այդ ճանապարհը և Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է, և մենք պետք է անպայման վերականգնենք: Այս նախագծերի շրջանակներում անպայման պետք է նախագծենք, որ այդտեղ պետք է ոստիկանական պահակետ լինի»,- հայտարարեց վարչապետը: