Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Գյումրիի օդանավակայանի ամբողջ ծավալով արագ գործարկման կարևորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական նշանակության մի քանի խնդիրներով պայմանավորված ընդգծեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի արագ և ամբողջ ծավալով գործարկման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն օդանավակայանի նշանակության մասին հայտնեց հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում:

«Օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն, ցավոք, իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ, և մենք նայում ենք ապագային ու ձևավորել ենք ապագայի օրակարգը: Այդ օրակարգում շատ կարևոր է, որ մենք, ի վերջո, հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը, դա ավիատոմսերի գների նվազումն է, որը շատ կարևոր է նաև Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք, իհարկե, ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ: Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում, ցավոք, տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին, և սա մեզ համար համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի, որ կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանանք ապահովել հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունը»,- ասաց Փաշինյանը:

Առավել մանրամասն՝Արմենպրես կայքում: