Երևանի Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկում ապամոնտաժվել են բոլոր տաղավարները

armtimes.com լրատվականը գրում է, որ Երևանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հարակից ստորգետնյա անցումում գտնվող բոլոր տաղավարները ապամոնտաժվել են: Մինչեւ այդ, տարածքում խանութներ էին գործում, կային բջջային հեռախոսների ու կենցաղային տեխնիկայի վերանորոգման տաղավարներ եւ այլն:  

Սկզբում ապամոնտաժվեց գետնանցումի կենտրոնում գտնվող բավական մեծ խանութը, այնուհետեւ պատերի երկայնքով շարվածները: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ տնտեսվարողն ազատում է տարածքը:  

«Այդ տարածքի հետ կապված կար դատական վեճ քաղաքապետարանի եւ տնտեսվարողի միջեւ: Քաղաքապետարանը պահանջում է վճարել վարձակալության գումարը: Բազմակի անգամ խախտվել են ժամկետները եւ թերվճարումներ են կատարվել, ու այդ հիմքով քաղաքապետարանը դատական հայց էր ներկայացրել վարձակալի դեմ: Այս պահին վարձակալը իր ուժերով մաքրում է տարածքը, եւ ակնկալվում է, որ այնտեղ մենք անպայմանորեն կունենանք ավելի բարեկարգ միջավայր, ինչպիսի լուծում էլ որ տրվի: Կլինի շատ ավելի հարմարավետ միջավայր, քան նախկինում էր»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Հավելելով նա նշեց, որ երբ արդեն պարզվեն վարձակալի հետ իրավահարաբերությունները, կա՛մ նոր վարձակալներ ի հայտ կգան, կա՛մ տարածքի բարեկարգման համար կընտրվեն այլ տարբերակներ: «Ամեն դեպքում այնտեղ կբարեկարգվի եւ ավելի կոմֆորտ տեսքի կբերվի»,- ընդգծեց քաղաքապետի խոսնակը:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: