«Պուտինն ու Փաշինյանը երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ չեն քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը». Պեսկով

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը,  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ չեն քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Երեկ կայացած զրույցը շատ հանգամանալից էր, երկկողմ հարաբերություններին ու առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտներին վերաբերող»,- ասել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Դ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպման սկզբում տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների ձեռքսեղման և արարողակարգային լուսանկարահանման արարողությունը։

«Ես շատ ուրախ եմ ողջունել Ձեզ ևս մեկ անգամ, այս անգամ՝ Պետերբուրգում։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու։ Կարիք չկա երկկողմ հարցեր քննարկել, մենք դա անում ենք պարբերաբար։ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն է, ինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերությունների մասին»,- նշել էր Վլադիմիր Պուտինը։

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: