Ճախրող ռեստորան Երևանում՝ հունիսի 20-ից

Հունիսի 20-ից Երևանում հնարավոր կլինի ընթրել ճախրող ռեստորանում՝ 50 մ բարձրության վրա՝ Արարատին նայող գեղեցիկ տեսարանով: Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (դայն սքայ) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը: Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից: Հատակամածը պատրաստված է հատուկ ամրակայուն պողպատից և իրենից ներկայացնում է իրար մեջ մխրճված և եռակցված հանգույցների ցանց: Այս կառուցվածքի բոլոր էլեմենտները, սկսած հեղույսներից մինչև ճոպաններ, գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ:

Ռեստորանում մեկ անձի մուտքը 30 եվրո է: Հաճախորդները կհյուրասիրվեն տարատեսակ կերակուրներով և կօգտվեն անսահմանափակ ոչ ալկոհոլային խմիչքներից:  Ճախրող ռեստորանի հասցեն  է՝ Արշակունյաց 30/1, տեղեր ամրագրել կարող եք ԱՅՍՏԵՂ:

Հայաստանում գործող ռեստորանը անցել է 10 տոննայի հավաստագրում բոլոր հանգույցների համար: Դա նշանակում է, որ դրանք կարող են մինչև 10 տոննա ծանրություն կրել: Ռեստորանը պատրաստվել է Դուբայում ACE ընկերության կողմից:

Ճախրող ռեստորանում ուղղանկյունաձև միակցված ընդհանուր սեղանի շուրջ տեղադրված են 22 աթոռներ՝ պատրաստված կարբոն-ֆիբրայից: Աթոռները ձևով ու հարմարությամբ շատ նման են սպորտային մեքենաների նստարաններին: Յուրաքանչյուր նստարանը առանձին ճոպանով ամրացված է հիմնական հանգույցին և ունի անվտանգության երեք գոտիներ: 22 այցելուների հետ երկինք են բարձրանում նաև խոհարարն ու մատուցողները: Միակցված սեղանների արանքում ազատ տարածք կա, որտեղ էլ աշխատում են մատուցողներն ու խոհարարը:

Առավել մանրամասն՝ araratnews.am կայքում: