2008-ի մարտի 1-ին ինձ հրավիրել էին կառավարություն, տեսա, որ խառնաշփոթ է, հեռացա․ Գագիկ Ծառուկյան

Ինչպես գրում է tert.am լրատվականը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում տեղեկությունը, թե ինքը հարցաքննվել է «Մարտի 1»–ի գործի շրջանակում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հորդորեց հարցն ուղղել իրավասու մարմնին՝ հավելելով, որ դա գաղտնիք է։

«Ես ի՞նչ կարգավիճակ կարող եմ ունենալ, համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմնից»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ուժի մեջ է իր նախկին հայտարարությունը, որ եթե պարզվի, որ ինքը «Մարտի 1»–ի հետ կապ ունի, ապա պատրաստ է հրապարակային գնդակահարության ենթարկվել, Գագիկ Ծառուկյանն ասաց․

«Միանշանակ ուժի մեջ է, այդպիսի ապացույցների դեպքում թող գնդակահարեն։ Գագիկ Ծառուկյանը «Մարտի 1»–ի հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն ասել է, այո՛, պետք է խումբ ստեղծվի, քննեն, մեղավորները, պետք է պատժվեն»,- ասաց նա։

Լրագրողները Գագիկ Ծառուկյանին հիշեցրին, որ «Մարտի 1»–ի փաստահավաք խմբի անդամները հայտարարել էին, որ բավարար ապացույցներ կան, որ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը սնունդ են ապահովել զինվորականների  համար, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ գնդակահարության վերաբերյալ ասվածը նաև  սրան է վերաբերում։ 

Գագիկ Ծառուկյանը նաև հայտնեց, որ միայն 2008-ի մարտի 1-ի երեկոյան հրավիրվել էր կառավարություն։ «Կառավարությունից զանգ է եղել, հրավիրել են կառավարության շենք, գնացել եմ այնտեղ, մնացել 25 րոպե կես ժամ՝ տեսնելով, որ  խառնաշփոթ իրավիճակ է, թողել եմ ու գնացել, ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, տեսնելով, որ լուրջ բան չկա, թողեցի գնացի»,- շեշտեց նա։ 

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ 12 տարի է անցել և չի հիշում՝ ովքեր էին կառավարության շենքում, նա նաև չհստակեցրեց այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հետ պե՞տք է լիներ հանդիպում, թե ոչ։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: