Երբ ծովի, նավթի բախտի ուժի դար էր, մենք դրանցից չունեինք, հիմա մտքի դար է և կասկած չկա՝ միտք ունենք և մեր անելիքը բնորոշված է. Նիկոլ Փաշինյան

Հին հնդկական առակը հարց է դնում՝ ի՞նչն է ավելի շատ, քան աստղերը և բնականաբար պատասխանում է՝ մտքերն են ավելի շատ. այս մասին «Մտքերի գագաթաժողովին» իր ելույթի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում նկատի է առնվում, որ մեկ մարդու գլխում ծնված մտքերն ավելի շատ են, քան աստղերը և, ընդհանրապես, միտքն այն ամենակարևոր շրջադարձային երևույթն է, որը կերտել և ստեղծել է մեր իրականությունը: Ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա և դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա՝ տիեզերական գործոնը և մարդկային միտքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում:  «Այսօր տնտեսության շարժիչ ուժը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ և բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով և աշխարհում սկսվել է գլոբալ պրոցես արհեստական մտքի, ինտելեկտի զարգացման: Սա է, ըստ էության 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝  նայելով վերջին 20-30 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության կառուցվածքը, կտեսնենք, որ ամենադրամատիկ և աչքի զարնող փոփոխությունը հենց այն է, որ տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք առավելապես հիմնված են մարդկային մտքի, մարդկային տաղանդի և ինտելեկտի վրա:

Նրա խոսքով՝  հիմա ապրում ենք զարմանալի մի ժամանակաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն երկիր մոլորակի, այլ նաև սկսել է  փոփոխություններ կատարել այլ մոլորակներում: Վարչապետի կարծիքով՝ որևէ կասկած չկա, որ այս միտումը շարունակվելու և ավելանալու է հենց արհեստական ինտելեկտի զարգացմանը զուգընթաց:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: