Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ Գեղարքունիքի մարզպետարանում հանգստյան սեզոնի ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումներին ուղղված ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց նախարարության ենթակայությամբ գործող Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության,  «Սևան Ազգային պարկ»-ի ներկայացուցիչների հետ: 

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտանական mes.am կայքի փոխանցմամբ՝ ԱԻ նախարարի առաջին կանգառն ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունն էր, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջեց վարչության տարածքով, ծանոթացավ շենք-շինության պայմաններին, վարչության անձնակազմին, նրանց աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին ու կարիքներին: Մարզի ընդհանուր աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ֆ. Ցոլակյանն առաջարկեց քննարկել մարզային վարչության շենքում այլ շահագրգիռ կառույցներին աշխատանքային տարածք հատկացնելու հարցը: Բացի այդ, նախարարը հանձնարարեց բարեկարգել վարչության շրջակա տարածքը և կանաչապատ գոտին:

Ֆ. Ցոլակյանի հաջորդ կանգառը Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատն էր, որտեղ նրան ներկայացվեցին ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, տեխնիկական զինվածությունն ու հագեցվածությունը: Ջոկատում ընդգրկված է շուրջ 40 ծառայող, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:

Գավառի ՀՓՋ այցից հետո ԱԻ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրին մարզպետարանի դահլիճում, որին մասնակցում էին Բնապահպանության փոխնախարար Ի. Ղափլանյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանը, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ՄՓՎ-ի աշխատակիցներ և այլք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Սևանա լճի ավազանի հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական ուժեղացված ծառայության անցնելուն ու նոր հենակետերի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր: Խնդրի կարևորությունն այն է, որ այս տարի անցկացվելիք համահայկական խաղերի առնչությամբ մարզը կընդունի շուրջ 4000 մարզիկներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանը ներկայացրին ջոկատի գործառույթները, տեխնիկական զինվածությունը, հանրային լողափերում սպասարկման գոտիների բաշխվածությունը և այլն:

«Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանն ասաց, որ մասնավոր սեփականություն հանդիսացող լողափերում փրկարարական ջոկատներ չկան, և անհրաժեշտություն կա ԱԻՆ-ի հետ համագործակցության միջոցով մասնագետներ պատրաստել ջրափրկարարական աշխատանքների համար:

Ֆ. Ցոլակյանը նշեց, որ այս հանդիպման առանցքային նպատակն է հստակեցնել բոլոր շահառու կողմերի գործառույթները: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչպես են իրականացվում Գավառի, Մարտունու և Շորժայի հարակից լողափերի փրկարարական աշխատանքները: Նա ընդգծեց, որ հնարավոր ամեն եղանակով պետք է լուծվի այս գոտիներում հենակետերի ստեղծման հարցը՝ կլինի դա նոր հաստիքների համալրման, թե գործուղումների միջոցով: Նախարարը հանձնարարեց կրկնակի բարձրացնել ջրասուզակների աշխատավարձը, բացի այդ, մեծ ուշադրություն դարձնել առաջին բուժօգնության տրամադրման հնարավորություններին: 

— Շատ կարևոր է գործին խղճով մոտենալը: Սրտանց և մարդկային պետք է կատարել փրկարարի աշխատանքը: Մենք միայն կրակ մարող չենք: Բնակչության պաշտպանությունը պետք է իրականացվի բոլոր առումներով ու համընդգրկուն, — ասաց նախարարը:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: