Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 782 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 409 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 53 կեղծ կանչ:

Փրկարարները 164 կենցաղային կանչ են ստացել, որից 120-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում եւ Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 16 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 85 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 45 դեպքում:

Այլ կանչեր. Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացին մոլորվել է «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու մատույցներում: Հրշեջ-փրկարարները գտել են մոլորված 26 եւ 21-ամյա տղաներին եւ ուղեկցել «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու տարածք:

Առավել մանրամասն՝ 911tert.am կայքում: