Արցախն ադրբեջանական կողմին կոչ է անում անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը. 

«Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: