Արգենտինայի ձեռնարկատեր կանայք ցանկանում են համագործակցության կամուրջ ստեղծել Հայաստանի հետ. նրանց ընդունեց նախագահի տիկինը

Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները հունիսի 15-21-ը ճանաչողական այցով ժամանել են Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակում հունիսի 17-ին նրանք հանդիպեցին Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հետ:

Հանդիպման սկզբում ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով արգենտինացի կանանց ներկայացրեց Հայաստանի պատմության տարբեր ժամանակներում կնոջ դերակատարումը:

Նունե Սարգսյանի հետ կանայք քննարկեցին կանանց առաջնորդության հարցը ողջ աշխարհում:

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր հանդիպում էր՝ կամուրջներ կառուցելու համար, ինչպես նաև Հայաստանի և հատկապես հայ կանանց համար: Այստեղ ներկա էին տարբեր ոլորտներ ներկայացնող կանայք՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ինձ համար շատ հետաքրքիր էր ագարակատեր կինը, որ գազար է աճեցնում, քանի որ մենք էլ այդ բանջարեղենի լավ հումք ունենք մեր գյուղերից մեկում»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հայ կանանց պետք է ավելի քաջալերել, որպեսզի իրենց գործարար միտքն ավելի զարգացնեն և որևէ բիզնես սկսեն:  

Արգենտինայից Հայաստան է եկել 13 ձեռնարկատեր կին:

Առավել մանրամասն՝ Արմենպրե կայքում: