Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամից ակնկալում է ավելի ազդեցիկ և ոգեշնչող ծրագրեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում ներկաների հետ կիսվեց վերջին շրջանում իրեն հասած մտահոգություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-ին մեկնարկած ժողովի ընթացքում Փաշինյանը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշ դրվագներ կողքից նայելիս այլ կերպ են ընկալվում:

«Թերևս, յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, և, թերևս, բավական է այդ կապն արձանագրելու համար անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով, և այդ ճանապարհներին տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշերը, հասկանալ, որ հիմնադրամի աջակցությամբ է կառուցվել այդ ամենը, նաև կառուցվել են բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում, որպեսզի հասկանալի լինի, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել Երրորդ Հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենադժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին: Ես համաձայն եմ Հանրապետության նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պետք է նորովի դիտարկենք և գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը: Ես վերջերս մի քանի առիթներով, այդ թվում նաև սփյուռքի ներկայացուցիչներից մի քանի հետաքրքիր դիտարկումներ եմ լսել, որոնք կցանկանայի կիսել ձեզ հետ: Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը՝ երբեմն ասվում է, որ հիմնադրամի գործունեության կոնկրետ դրվագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիային»,- ասաց վարչապետը:

Առավել մանրամասն՝Արմենպրես կայքում: