Հայ-վրացական «Բարեկամության կամուրջը» կսկսի կառուցվել օգոստոսին

 Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, Վրաստանը և Հայաստանը միացնող «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին «Ալիք մեդիա»-ին հայտնել է «Tunnel Sadd Ariana» իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը:

Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Tunnel Sadd Ariana» ընկերությունը:

«Նախագծման փուլը կավարտվի մոտ երկու ամսից, եթե ամեն ինչ առանց խոչընդոտների ընթանա, ամենայն հավանականությամբ, օգոստոսին կմեկնարկեն շինարարական աշխատանքները և կավարտվեն մեկ տարվա ընթացքում», -նշել է կազմակերպության ներկայացուցիչը:

«Բարեկամության կամրջի» երկարությունը մոտ 200 մետր է: Կկառուցվեն երկու առանձին, մեկ մետր հեռավորության զուգահեռ կամուրջներ: Կառուցվող կամրջի բարձրությունը 18 մետր կլինի՝ սահմանին գտնվող ներկայիս կամրջից երկու մետրով բարձր:

«Յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11,8 մետր է։ Յուրաքանչյուր ուղղությամբ կկարողանա երթևեկել երեք տրանսպորտային միջոց», — ասել է Արտավազդ Բաղումյանը:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: