ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվեն բանկային ձուլակտորներ․ ըստ ԿԲ նախագահի՝ նախատեսվում է ոսկու պաշար ունենալ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ԱԺ-ում 2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց, որ ԿԲ-ն նախատեսում է որոշակի ծավալի ոսկու պաշար ունենալ։

Ջավադյանը հիշեցրեց, որ 2004թ-ին ԿԲ-ն վաճառել է այն ժամանակվա համար ոչ մեծ քանակի՝ 1,6 տոննա ոսկի, քանի որ այդ պահին եկամուտների հետ խնդիր է եղել։ Նա ասաց, որ այդ ոսկուց տոկոս չէին ստանում այն ժամանակ, իսկ երբ վաճառվել է, ներդրվել է բարձրորակ գործիքների մեջ, որի արդյունքում շահույթ ունեցել են։

ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ արդեն երկու տարի աշխատում են հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ ՀՀ-ում ոսկու գործարան բացելու ուղղությամբ։

«Վերջին ակորդներն են և շատ շուտով ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի (ոսկին էլեկտրոլիզով մաքրելու գործընթաց /խմբ.) գործարան, որտեղ կարտադրվեն բանկային ձուլակտորներ: Մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան ոչ թե դորեի (ոսկու համաձուլվածք /խմբ.) տեսքով ոսկին արտահանել, որը 80-90 տոկոսանոց ձուլակտորներ են, որից 10%-ը կարող է այլ մետաղ կամ այլ նյութեր լինել, այլ հնարավորություն կստանան բոլորը կա՛մ հանձնել գործարանին՝ արդյունքում ստանալ բանկային ձուլակտոր, կա՛մ վաճառել»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: