ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխությունը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց քվեների 84 կողմ, դեմ 33 հարաբերակցությամբ։

Մինչ այդ ԼՀԿ խմբակցության անունից խոսեց Անի Սամսոնյանը և նշեց, որ թեև նախագիծն ունի դրական նպատակ, բայց խնդիր են տեսնում, քանի որ ընդդիմության համար թվով մեկ թեկնածու ներկայացնելը խնդրահարույց է: «Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը վարման կարգով ելույթ ունենալիս նշեց, որ Անի Սամսոնյանն ինքն իրեն հակասում է, երբ ասում էր, որ օրենքի հիմնական նպատակը ընդդիմության մեջ կռիվ գցելն է, կես ժամ հետո ասում է, որ ակնհայտ են դրական նպատակները։ «Գնացեք, նայեք ձեր ելույթը, որը 180 աստիճանով հակասում է, և ցավում եմ, որ ԱԺ պատգամավորն իրեն հաշվետվություն չի տալիս իր արածների մեջ»,-ասաց Հայրապետյանը։

Ալեն Սիմոնյանը վարման կարգով նշեց, թե «սատանան ասում է՝ բռնենք ու դեմ քվեարկենք»։ «Բայց սա չենք անում ոչ ձեր համար, չենք անում որևիցե այլ խմբակցության համար, անում ենք ՀՀ-ի համար»,-ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորություններն՝ ի հաշիվ վարչապետի լիազորությունների և ընդդիմությանը տեղ հատկացնել ինքնավար մարմիններում՝ ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: