Ճանաչողական այցը՝ ապագա համագործակցության հիմք. Ֆ.Ցոլակյանն ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների պաշտոնականը կայքը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները:

Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ թեև մեր երկու երկրները ունեն պատմական, քաղաքական և տնտեսական խորը առնչություններ, սակայն Հայաստանի և Արգենտինայի արտակարգ իրավիճակների կառույցները տակավին չունեն համագործակցություն: Նա առաջարկեց ճանաչողական այցը դարձնել ապագա համագործակցության հիմք:

Նախարարը նշեց, որ աղետներ տեղի են ունենում ամենուրեք և հաճախ տարբեր երկրներում դրանք ունեն որոշակի ընդհանրություններ: 

Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց ուսանելի փորձի փոխանակումը:

Ի թիվս այլ հարցերի, նախարարը հիշատակեց Հայաստանում գործող հակակարկտային կայանների ներմուծումն Արգենտինայից և նշեց, որ դրանք ունեն արդյունավետության խնդիր:

Հնարավոր ռիսկերից խուսափելու համար՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց կարկտապաշտպան ցանցերի ներդրումը և գյուղատնտեսության ապահովագրությունը:

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան համոզմունք հայտնեց արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ և առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ՝ նախանշելու համագործակցության մասնագիտական ուղղությունները և հնարավոր աղերսները: 

Դեսպանն ասաց, որ Արգենտինայում կարկուտի դեմ պայքարը սկսում են երկնքում և նախարար Ցոլակյանին առաջարկեց օգտվել Արգենտինայում արտադրվող ռադարներից, որոնք կարող են ուսումնասիրել մթնոլորտի վիճակը: 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը համարել սկսված և նպատակադրվեցին այսուհետ լինել առավել գործնական:  

Սղբյուրը՝ mes.am