Վերջին մեկ տարում Դատախազությունը ցույց տվեց, որ իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է. Փաշինյան

Վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնաատում եմ արդյունավետ. սա չի նշանակում անթերի: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Դատախազության աշխատողի եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ մեզնից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, եւ դժվար է ասել, թե կկարողանա՞նք հասնել կատարելության, թե ոչ: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ ՀՀ դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է եւ պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, կատարել այն գործառույթը, որ Հայաստանի իշխանության բարձրագույն կրողը՝ ՀՀ ժողովուրդը, դնում է իր առաջ:

Ժողովուրդը պետք է տեսնի, որ դատախազությունն իրենց դատախազությունն է, իրենց իրավունքի, իրենց անվտանգությունն ու ապագան ապահովող դատախազությունն է»,-հայտարարեց Փաշինյանը:

Աղբյուրը՝ news.am