Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ դատախազության 101-ամյակին և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է զգա, որ ինքը մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են պաշտպանված զգում: Սա չափազանց կարևոր առաքելություն է, և այդ առաքելության մեջ դատախազությունն ունի առաջնորդող դերակատարում»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իրավունքը ՀՀ-ում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս ուսադիրները և համազգեստը կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունքից: Այս առաքելությունը պատմական, շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունի»,- նշեց ՀՀ վարչապետը:

Առավել մանրամասն՝Արմենպրես կայքում: