Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ. քննարկել են մի շարք հարցեր

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ՝ երկկողմ կապերը և միջազգային ու տարածաշրջանային վերջին իրադարձությունները:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին: 

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին: 

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Աղբյուրը՝ Արմենպրես