ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների կատարման գործընթացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով դատաիրավական համակարգում կատարվող փոփոխությունների մասին:

«Եվրամիությունը հստակ աջակցությամբ է հանդես եկել դատաիրավական բարեփոխումների գործընթացի նկատմամբ: Այդ աջակցությունը ներկայացվել է ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ հիշում եք, թե նախագահ Տուսկը ինչ է ասել Հայաստանում: ԵՄ-ն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը՝ իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն»:

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար: «Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: