Իսլանդիան զբոսաշրջիկների համար ամենաթանկ եվրոպական երկիրն է ճանաչվել (լուսանկարներ)

Օրերս Եվրամիության վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը, հրապարակել է 2018թ.-ին զբոսաշրջության տեսանկյունից ամենաթանկ եվրոպական երկրների ցանկը, գրում է Daily Mail-ը:

Պարզվում է՝ անցած տարի Եվրոպայի ամենաթանկ զբոսաշրջային ուղղությունն Իսլանդիան է եղել, որտեղ սպառողական գները 56%-ով ավելի բարձր են եղել եվրոպական մյուս երկրների համեմատ:

Եվրոպայի ամենաթանկ ուղղությունների ցանկում Իսլանդիային հաջորդում են Շվեյցարիան, Նորվեգիան և Դանիան: Տասնյակում հայտնվել են նաև Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները:

Պարբերականի տվյալներով` սովորական պանրով պիցցայի համար իսլանդական սրճարաններում զբոսաշրջիկները 17 եվրո են վճարում, իսկ մեկ գավաթ գինու արժեքը 10 եվրո է: Երկու հոգու համար նախատեսված ընթրիքի համար հարկավոր է միջինը 85 եվրո նախատեսել:

Իսլանդիայում բարձր գները բացատրվում են կղզու տնտեսության՝ ներկրումից կախվածությամբ և ալկոհոլի համար բարձր հարկերով: Զգալի դեր են խաղում նաև Իսլանդիայի ազգային արժույթի տատանումները, որին երկիրը բախվել է 2016-2017թթ.-ին: