Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.5 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես՝ 2019-ի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.3 տոկոսով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2019թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 7.4 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.0 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.1 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ նվազել է 5.5 տոկոսով:  

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 176 հազար 783 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: