Վերին Լարսին այլընտրանքային այլ ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ բանակցությունների նոր փուլ է մոտենում. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Հարցին, թե հունվար-փետրվար ամիսներին խոսվում էր Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի մասին, արդյոք սա օրակարգո՞ւմ է Հայաստանի և Վրաստանի,  նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում, արտգործնախարար պատասխանել է, որ այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են:

«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք բնականաբար դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»,– ասել է նա: 

Ի պատասխան հարցի, թե դա մոտ ապագայի՞ խնդիր է, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետև բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել… իհարկե հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել»,– ասել է նա: 

«Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցին, թե ինչ օրակարգով ենք աշխատում` չափազանց լայն օրակարգ է: Նկատի առեք, որ ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև, մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում և հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու և որևէ սահմանափակում չունենք որևէ պահի և ցանկացած ձևով շփվելու առումով: 

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: