Կառավարությունը պետք է զրոյից ստեղծի ինստիտուտներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց 2014թ.-ին, նախկին իշխանությունների  կազմած գաղտնի զեկույց, որը, նրա բնորոշմամբ, հանգեցնում է այն եզրակացության, որ նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա, ու «երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է տակը կառավարման համակարգ չկա»։

«Այս զեկույցը տալիս է ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչ վիճակում է եղել կամ հիմա ինչ վիճակում է Հայաստանը, որովհետև այն պրոբլեմները, որոնց մասին այստեղ գրված է, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր շտկել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ իրավիճակում ենք մենք ժառանգել Հայաստանը։ Եզրակացությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ձախողված է»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, որ ներկայիս կառավարությունը, ըստ էության, պետք է զրոյից ստեղծի ինստիտուտներ, որոնք կլուծեն պետության առջև կանգնած խնդիրները՝ մատնանշելով, օրինակ, դատական, պետական գնումների համակարգերը։

«Մեզ շատ ամուր նյարդեր են պետք այն առումով, որ ոչ թե պետք է խուճապահար վազենք բոլոր հարցերի հետևից, այլ պետք է ունենանք մարտավարական և ռազմավարական  առաջնահերթություններ, և հերթով, առանց տուրք տալու էմոցիանալ ֆոներին, պետք է լուծենք այդ ինստիտուցիոնալ պրոբլեմները»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: