ՀՀ վարչապետն Արցախում ներկայացրեց համահայկականության համար անհրաժեշտ կոնսենսուսները

Համահայկականության տրամաբանությունը իսկապես կարող է գոյություն ունենալ և արդյունավետ լինել, եթե հենվենք մի քանի առանցքային կոնսենսուսների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նախ՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Նրա խոսքով, նրանք ովքեր դիտարկում են բռնությունը որպես հարց լուծելու միջոց, պետք է մերժվեն և պատմության աղբանոցը նետվեն: Վարչապետն ընդգծեց, որ այս համատեքստում կա մի բացառություն, խոսքը օրինական բռնության կիրառման մասին է՝ ուղղված հանցագործությունների կանխմանը և բացահայտմանը հանրության բնականոն կյանքի ապահովման համար:

«Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Այս առումով, վարչապետը կարևորեց Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում, ինչպես նաև ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման, լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: