Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնավորապես նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ակնհայտորեն «հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ոգուն և էությանը»:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը: Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները դատապարտելի են և վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդվում և խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն մերժում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որևէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ և այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում 1990-ականներին և 2016թ․ ապրիլին, ովքեր հետևողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով, անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար» — ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում։