«Թեժ քննարկումներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում». Մամուլն այսօր

«Թեժ քննարկումներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում». Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ հուլիսի 8-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանում իրավական կոլապս է։ «Ժամանակ»-ը գրել էր Աջափնյակ վարչական շրջանում առկա «ենթամշակութային» երևույթների մասին։

Պարզվում է՝ ՀՀԿ բջիջների բազայի վրա ստեղծված, ընտրակեղծարարների առաջին օղակ համատիրություններում տիրում են ոչ միայն հին բարքերը, այլ կան նաև վիթխարի չարաշահումներ։ Օրինակ՝ Ֆիզիկայի թաղամաս կոչվող բազմաբնակարան շենքերի «Ֆիզիկոս» ՀՄՏ-ն ամբողջ 2019 թվականին պաշտոնապես արտացոլել է 100 հազար դրամից մի փոքր ավելի գումար՝ մոտավորապես 6-7 բնակարանի վարձին համարժեք։ Այն դեպքում, երբ թաղամասում տասնյակ շենքեր կան։ Իսկ վարձու աշխատող է մեկ հոգի՝ տնօրենը։

Նման վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ, ըստ երևույթին, այս ոլորտում հանրապետությունով մեկ առկա են բազմաթիվ չգրանցված աշխատողներ և վարձավճարային յուրացումներ»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ծավալվող թեժ քննարկումներին։ Մասնավորապես՝ թերթի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է՝ ներքին քննարկումներ են ընթանում թե՛ «Եկեղեցու պատմություն» առարկան այլևս դպրոցներում չդասավանդելու և թե՛ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված:

«Ինչպես հայտնի է, այդ նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ դնելու պահանջները խախտելու համար` 50 հազար դրամի չափով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության պատգամավորների մի մեծ մասը հայտարարել է՝ խայտառակություն է լինելու, եթե այդ նախագիծը օրենք դառնա: Մեր տեղեկություններով՝ նրանց լեզվակռիվն այնքան է թեժացել, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգից իշխանությունները անգամ հանել են նախագիծը»,- գրում է թերթը։

Մեկ այլ հրապարակմամբ, թերթն անդրադարձել է Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար պետբյուջե վճարվող ճանապարհային հարկին։
«ճանապարհներին գովազդ տեղադրելու համար պետական բյուջե 2018 թվականի համար պակաս է վճարվել 20 մլն 825 հազար դրամ ճանապարհային հարկ, այնինչ պետական բյուջե պետք է վճարվեր 57 մլն 101 հազար դրամ ճանապարհային հարկ:

2018 թվականին 37 ընկերությունների կողմից թվով 319 գովազդային վահանակներով գովազդ տարածելու համար, գովազդային վահանակների ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումները հաշվի առած, պետք է հաշվարկվեր և պետական բյուջե վճարվեր 57 մլն 101 հազար դրամ ճանապարհային հարկ, այնինչ վճարվել է 38 մլն դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 60 մլն 416 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ 2018 թվականին ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվություն են ունեցել և գովազդ է տարածել 37 ընկերություն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Բիթիէլ Սերվիսիս» ընկերությունը 3 մլն 196 հազար դրամի փոխարեն վճարել է 720 հազար դրամ, այսինքն ՝ 2 մլն 476 հազար դրամով պակաս: Իսկ, ահա, «Իմիջ» ընկերությունը 14 մլն 337 հազար դրամի փոխարեն վճարել է 6 մլն 570 հազար դրամ՝ 7 մլն 767 հազար դրամով պակաս»,-գրում է թերթը։

«Հրապարակ» օրաթերթն անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ըստ թերթի՝ ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել։

«Երեկ քվորում չունեցող ՍԴ նիստերին մասնակցել է 4 դատավոր, Քոչարյանին վերաբերող նիստին՝ 3․ Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, Արայիկ Թունյանը։ Իսկ Վահե Գրիգորյանն իրավունք չուներ մասնակցելու, որովհետև մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել։ Մյուս նիստերին չորսն էլ մասնակցել են, հրավիրվել է նիստի քարտուղարը, արձանագրել, որ քվորում չկա։ «ՍԴ պատմության մեջ առաջին անգամ նիստը չի կայացել քվորումի պատճառով, հաջորդ նիստը հուլիսի 14-ին է, մյուսը օգոստոսի 25-ին»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Կկայանա՞ն։ «Դժվար է ասել․ ելնելով այս իշխանությունների արագության բարոմետրից` չի բացառվում։

Այնուհանդերձ, 21 օր պետք է սպասեն։ Եթե սպասեն»: Քոչարյանին վերաբերող հարցն ի՞նչ է լինելու՝ հարցը մնո՞ւմ է օրակարգում: «Խնդիրը պետք է քննարկվի աշխատակարգային նիստի ընթացքում, այդ նիստն անցկացնելու համար ևս քվորում չկա։ Ի դեպ, օրենսդրական հստակ կարգավորումներ չկան նման դեպքերի համար»: Մի խոսքով` փակվեց հարցը։ «Ոչ, հետագայում հնարավոր է չկայացած նիստերի հարցերը վերցվեն քննության»: Ա՞յլ կազմով՝ իշխանության սրտի դատավորների՞, որոնք կընդունեն ցանկալի որոշումը և մեկընդմիշտ կփակեն հարցը։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի։ Մի մոռացեք, որ ՍԴ պաշտոնանկ արված 4 դատավորներն արդեն դիմել են ՄԻԵԴ, որն արտակարգ ռեժիմով արձագանքել է նրանց դիմումներին, հարցեր ուղղել կառավարությանը։ Եթե նույն արագությամբ գործընթացը շարունակվի, ապա դժվար է ասել, թե ինչ կազմ կունենա ապագա ՍԴ-ն. կլինեն նորե՞րը, թե՞ «լավ մոռացված» հները»»,-գրում է թերթը։