Հայտնի է, թե որ երկրների համար է Վրաստանը բացում սահմանները

Առաջիկայում Վրաստանը սահմանները կբացի Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համար։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին։

Սակայն նշված երկրներից այցելուների համար հատուկ պայմաներ են սահմանվելու։ Վրաստանի օդականավակայան ժամանելուն պես այցելուները ստիպված կլինեն հատուկ էլեկտրոնային հարցաթերթիկ լրացնել, որտեղ կնշվի, թե որտեղ են եղել ժամանումից 14 օր առաջ։ Զբոսաշրջիկները նաև պետք է նշեն, թե Վրաստանում որտեղ են կանգ առնելու, լրացնեն հասցեն և հեռախոսահամարը: Սակայն Չիկովանին չի նշել, թե երբ են սահմանները բացվելու։

Նշենք, որ Վրաստանի տնտեսության մեջ զբոսաշրջության չափաբաժինը 10-12% է։ Ավելի վաղ ԵՄ-ն Վրաստանը ներառել էր ԵՄ անդամ չհանդիսացող 15 անվտանգ պետությունների ցանկում, որոնց համար հուլիսի 1-ից սկսած սահմանները բաց են։ Վրաստանի համար սահմանները բացել են Շվեյցարիան, Հունգարիան, Գերմանիան, Լատվիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Իտալիան։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Հուլիսի 8-ի դրությամբ այդ երկրում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը կազմում է 963, նրանցից 841-ն արդեն առողջացել են, մահացել է 15 մարդ։