Մոսկվայում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Աղանբեգյանի որդին

Մոսկվայում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Աղանբեգյանի որդին՝ Աբելը։ Այս մասին հայտնում է «Mash Telegram»-ալիքը: Աղբյուրի փոխանցմամբ Աբել Աղանբեգյանը 23 տարեկան էր:

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Խամովնիկի շրջանում: Աբել Աղանբեգյանը BMW S1000 RR սպորտային մոտոցիկլետի ղեկին մեծ արագությամբ բախվել է հետիոտնին, որը հանկարծ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, հետիոտնային անցումից դուրս: Նշվում է, որ մոտակա անցումը մոտ 28 մետր հեռավորությամբ է եղել:

Հետիոտն տեղում մահացել է: Գանգի հիմքի կոտրվածք ստացած Աբել Աղանբեգյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել և մի քանի ժամ հետո երիտասարդը մահացել է։