ՄԱԿ․ Լիբիայի պատերազմում արտաքին միջամտությունը հասել է «աննախադեպ մակարդակների»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ Լիբիայի պատերազմում արտաքին միջամտությունը հասել է «աննախադեպ մակարդակների», և կոչ է արել առանցքային խաղացողներին եւ նրանց աջակիցներին դադարեցնել այս փակուղին և համաձայնել հրադադարի և խաղաղ բանակցությունների շուրջ: Այս մասին հաղորդում է «Associated Press» լրատվական գործակալությունը։

Իրավիճակը «մռայլ» անվանելով՝ Գուտերեշը նշել է, որ Լիբիայում քաղաքական առաքելությունը դեէսկալացիայի փորձեր է ձեռնարկում՝ ընդհուպ մինչև ապառազմականացված գոտու ստեղծում, որպեսզի փորձի լուծում գտնել բանակցությունների միջոցով և կյանքեր փրկել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում Լիբիայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 254 քաղաքացի վիրավորվել է:

Գուտերեշը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած հանդիպման ընթացքում:

Հանդիպման մյուս մասնակիցների թվում Լիբիայում հրադադարի անհրաժեշտության մասին պնդում էին Չինաստանի, Հարավային Աֆրիկայի և Եգիպտոսի արտգործնախարարները:

«Մենք բոլորս խիստ հանձնառություններ ենք ստանձնել հունվարին Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ, և այժմ եկել է ժամանակը, որպեսզի այդ խոսքերը վերածենք կոնկրետ գործողությունների: Բևեռացումը, որը Լիբիան թատրոնի է վերածել պրոքսի պատերազմների համար, պետք է դադարեցվի: Լիբիական կողմին սատարելու գործողությունը պետք է դադարեցվի»,- վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: