Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրային քննարկման կդրվի սեպտեմբերին․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ հուլիսի 9-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Արտոնագրերի մասին» օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունման նպատակը ոչ միայն Հայաստանում արտոնագրված գյուտերի հեղինակային իրավունքի պաշտպանությունն է, այլ ավելի շատ արտասահմանում արտոնագրված գյուտերի պաշտպանությունը Հայաստանում:

Այսինքն՝ այս օրենքը պետք է իրավական արգելքներ սահմանի, որ արտասահմանում արտոնագրված գյուտերը առանց համապատասխան արտոնագրման չօգտագործվեն Հայաստանում:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ևս կիրականացվեն համապատասխան փոփոխություններ նման խախտումները կանխելու և խախտողներին պատժելու համար»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ԲՀԿ-ի և կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես՝ թերթի նշում է, որ ««Ազգային Անվտանգության ծառայությունը կարծես թե որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ: Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկություններ իրականացրել նախկին և ներկա պատգամավորների տներում կամ գրասենյակներում:

Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր և «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Տիգրան Ստեփանյանը նշեց, թե խուզարկություն եղել է իր գրասենյակում: «Գրասենյակը չի աշխատում, ընտրություններից հետո անմիջապես փակվել է: Տարել են թերթիկներ, որտեղ կուսակցությանը անդամակցված անձանց անուններ են եղել:

Միայն դա է եղել մեզ մոտ»,- հայտնեց Ստեփանյանը՝ ընդգծելով, թե չի վախենում ԱԱԾ-ի գործողություններից:

Պարզվում է՝ արդեն «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Հրանտ Դավթյանը ևս մտավախություններ չունեն, որ ԱԱԾ-ն կարող է նրանց հետևից ևս գնալ: «Կգան, աչքիս վրա գան, չեն գա, իրենց ինչ ասեմ»,- նշեց Մանուկյանը, իսկ, ահա, Հրանտ Դավթյանը հայտնեց, թե իրեն չեն հարցաքննել՝ նշելով, թե չի արել մի բան, որի համար իրեն կարող են կալանավորել:

Հավելենք, որ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված»:

Մեկ այլ հրապարակմամբ, թերթն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի թեմային։ Մասնավորապես, թերթի տեղեկություններով՝ «Հայեցակարգը հանրային քննարկման կդրվի սեպտեմբերին: Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է փոփոխությունների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը ներկայացնի դեկտեմբերին, իսկ մինչ այդ էլ պետք է հանրային քննարկում տեղի ունենա:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս օրերին նաև քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է կազմակերպվի հանրային քննարկումը՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը: Մենք տեղեկացանք՝ այս պահին երկու տարբերակ է քննարկվում՝ կա՛մ հանրային քննարկումը կազմակերպել մի քանի փուլով տեսակապի միջոցով, կա՛մ բաց տարածության մեջ, որը մեծ կլինի, և հնարավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը: Իսկ մինչ վերջնական որոշումը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները շարունակում են ինտենսիվորեն աշխատել սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ: Ընդ որում, այս հանձնաժողովի անդամները ևս հեռավար են նիստեր անցկացնում: Նկատենք՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելու կարևորության մասին հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հուլիսի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի, որքան հնարավոր է, շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթն իրավաբանական լեզվով ձևակերպված լինի», – նշել էր Արմեն Սարգսյանը: Ավելին, վերջինս խոսել էր նաև Սահմանադրական դատարանի մասին և անդամներ ընտրել-նշանակելու շուրջ իր կարծիքն արտահայտել: «Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է՝ հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի, և ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը՝ երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն, երեք հոգու էլ՝ Ազգային ժողովը, երեք հոգի էլ՝ Կառավարությունը», – նշել էր Արմեն Սարգսյանը»:

Իր հերթին «Փաստ» թերթը նշում է․ «Հայաստանյան իրականության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում ամենաինտրիգային հարցը, որը դեռևս վերջնական հանգուցալուծում չի ստացել, վերաբերում է ՀՀ դատաիրավական ոլորտի փոփոխություններին, իսկ ավելի կոնկրետ՝ ՍԴ շուրջ ընթացող գործընթացներին, որոնց պատճառով իշխանությունները փաստացի խոր ճգնաժամ ձևավորեցին Սահմանադրական դատարանում։

Այս հարցում իշխանությունը միջազգային հարթակներում տեղի ունեցող ամեն մի զարգացում մատուցում է իրեն ձեռնտու «սոուսով»՝ հույսով, որ միջազգային գործընկերներն իրենց դատողություններն ու եզրահանգումները կայացնելիս ստեղծված ընդհանուր պատկերի մասին հստակ պատկերացում չեն ունենա և ադեկվատ գնահատական տալու հնարավորությունից զրկված կլինեն։

Սակայն հասկանալի է, որ միջազգային ոչ մի կառույց չի առաջնորդվում բացառապես միակողմանի տեղեկատվությամբ:

Բոլորվին վերջերս հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մի քանի անգամ իր հեղինակավոր կարծիքը ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովը, որն, ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում ընթացող գործընթացները վերահսկող առանցքային կառույցներից է, և չնայած հանձնաժողովն ունի զուտ խորհրդատվական կարծիք, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ցանկացած իրավական գործընթացում գերկարևոր է և անկյունաքարային։

«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, ՍԴ և ՀՀ դատաիրավական ոլորտի շուրջ ստեղծված զարգացումների հետ կապված հանձնաժողովի այսօր էլ հետ խորքային համագործակցում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որն, ըստ մեր տեղեկությունների, բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ»: