«Աթաթուրքի տուն-թանգարանը կվերածենք hույների ցեղասպանության թանգարանի». Աթենքը պատասխանել է Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությանը

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի` հունական Սալոնիկում գտնվող տուն-թանգարանը պետք է վերածել Պոնտոսի հույների ցեղասպանության թանգարանի: Այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել Հունաստանի խորհրդարանի «Հունական որոշում» կուսակցության խմբակցությունը` ի պատասխան Անկարայի` Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակը վերադարձնելու նախաձեռնությանը, գրում է eadaily.com կայքը:

Ինչպես հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Թանասիս Միլոնասը` Հունաստանը պետք է ուժեղ արձագանք տա Թուրքիային:

«Բարբարոսները միայն այդ կերպ կհասկանան»,-ասված է կուսակցության հայտարարությունում:

Միլոնասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները «սադրանք» է որակել:

«Մեր կուսակցության դիրքորոշումը հետևյալն է. սա համաշխարհային խնդիր չէ, սա երկկողմանի հարաբերությունների խնդիր է, սա երկկողմանի թեմա է: Սա վերաբերում է ուղղափառությանը, սա վերաբերում է հույներին»,-ասել է պատգամավորը:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453թ. Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ. Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ. տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: