Ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ հուլիսի 10-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. « «Առաջիկա օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաստատի կամ մերժի Եսայան եղբայրների կողմից «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը գնելու գործարքը։

Հիշեցնենք, որ «Բիլայն» ապրանքանիշի վաճառքի մասին հայտնի դարձավ այս տարեսկզբին։ Նախ՝ «Յուքոմը» ցանկություն հայտնեց գնել «Բիլայնը», սակայն գործարքը հունիս ամսին չեղյալ համարվեց, որից հետո հուլիսի 8-ին «Վեոն Արմենիան» դիմել էր ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ խնդրելով տալ համաձայնություն իր 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու Եսայան եղբայրներին պատկանող «Թիմ» ՍՊԸ-ին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Յուքոմ»-«Բիլայն» գործարքի չեղյալ հայտարարվելուց հետո գործարար Խաչատուր Սուքիասյանն է ցանկություն հայտնել գնել «Բիլայնը», սակայն բանակցությունները գործարքը սկսելու ուղղությամբ չեն ընթացել, այլ առաջարկը միանգամից մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ Սուքիասյանը քաղաքականացված դեմք է, և նպատակահարմար չի գտնվել կապի օպերատորի վաճառքը նման գործարարի»։

Մեկ այլ հրապարակմամբ, թերթն անդրադարձել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին։ Թերփթը գրում է, որ նա ազատվելով պաշտոնից, որոշակի ժամանակ ոչնչով չէր զբաղվում։ «Նրան շատ հաճախ կարելի էր տեսնել քաղաքում, ընկերների հետ։ Մեզ պատմեցին, որ խլելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերթանկարժեք հետհեղափոխական մեկնարկային 2 տարին ու որոշակի ժամանակ էլ հանգստանալուց հետո, Դավիթ Անանյանը մտադիր է վերադառնալ իր «Փի Էյջ Փի Փարթներզ» հաշվապահական ընկերություն և շարունակել կատարել նախահեղափոխական Հայաստանը թալանած ֆիրմաների աուդիտը՝ լվանալով բոլոր հետքերը։

Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, պետական համակարգից ազատվելուց հետո դարձավ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Բացառված չէ, որ Անանյան եղբայրները երկուսն էլ այս բանկում տեղավորվեն։ Դավիթ Անանյանը, օրինակ, օրերս ֆեյսբուքյան իր էջով տարածել էր տեղեկություն, որ կայացել էր «Արարատբանկ»-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձ է կստարել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Դեռևս հունիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը կոչով դիմել էր քաղաքացիներին, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հայտարարությունից հետո ուժային կառույցում քաղաքացիների կողմից դիմումների տեղատարափ է: Խոսքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շուրջ տարածված հայտարարությանն է վերաբերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններին:

«Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը ու հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին»,- նշել էր ԱԱԾ-ն:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս և ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ այդ մարդիկ անգամ կոնկրետ անուններ են տալիս, և հենց դա է պատճառը, որ օրեր առաջ կալանավորվել էր «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Սակայն գործընթացն այսքանով չի սահմանափակվելու, և քաղաքացիների հաղորդումների հիման վրա կարող են նոր բացահայտումներ և կալանավորվածներ լինել: Սակայն նկատենք, որ կաշառք տալու և վերցնելու հանցակազմերը հավասար են, և պետք է պատժվեն ինչպես ենթադրյալ կաշառք տվողները, այս դեպքում՝ ԲՀԿ-ականները, այնպես էլ այն վերցնողները, այս դեպքում՝ քաղաքացիները»,- գրում է թերթը։

«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, «Դեռևս վերջնականապես հստակեցված չէ խորհրդարանի՝ արձակուրդ գնալու ժամանակահատվածը, քանի որ ցանկացած պահի կարող է զգացվել ԱԺ «կարիքը»։ Ինչպես հայտնի է, հերթական նստաշրջանն արդեն ավարտված է, բայց արտահերթների շարքը շարունակվում է, ինչպես և գրեթե միշտ, երբ հուլիսին նիստեր էին հրավիրվում։

Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 13-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելուն:

Թեպետ, ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ ԱԺ օրակարգում արտահերթ կարգով ու հրատապ լուծում ստանալու կարիք ունեցող հարցեր չկան, սակայն իշխանությունների համար մի շարք առանցքային նշանակության հարցեր դեռևս շարունակվում են մնալ օդում կախված։

Մասնավորաբար, դեռևս անորոշ է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Մեր աղբյուրը չի բացառել, որ այդ հարցը հետաձգվի մինչև աշուն և քննարկման դրվի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ։

Բանն այն է, որ թեպետ Փաշինյանը մեծ ցանկություն ունի արագացնել այդ պրոցեսը, սակայն մյուս կողմից՝ պետք է գոնե մոտավորապես հասկանան, թե ինչ եզրակացություն կտա ՄԻԵԴ-ը, որը միայն մերժել է ՍԴ անդամների դիմումի հիման վրա միջանկյալ միջոցի կիրառումը, սակայն հիմնական հայցն ընդունել է վարույթ»: