«Նա և իր կինը միշտ մեր կողմից են լինելու»․ Թրամփը հավանություն է տվել Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկությանը, սակայն հայտնել է, որ ռեփերն ի վերջո իրեն է աջակցելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու որոշմանը, սակայն ենթադրում է, որ ի վերջո երգիչը հանրապետականների կողմից հանդես կգա: Թրամփն այս մասին հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

«Ինձ դուր է գալիս, որ իր ձայնը լսելի է լինելու, սակայն նա և իր կինը միշտ մեր կողմից են լինելու»,- ընդգծել է Թրամփը՝ մեկնաբանելով Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերը։

«Նա շատ լավ տղա է։ Հրաշալի հարաբերությունների մեջ ենք։ Կարծում եմ՝ ի վերջո նա մեզ է աջակցելու»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ուեսթը թվիթերյան իր օգտահաշվում հայտնել էր, որ պատրաստվում է նախագահական ընտրություններին մասնակցել, իսկ ավելի ուշ Forbes ամսագրին տված հարցազրույցում հայտնել էր, որ այլևս չի աջակցում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին  և նախագահական ընտրություններին մասնակցում է միայն հաղթելու նպատակով։