Որքա՞ն գումար է ծախսվել կորոնավիրուսով հիվանդ 1 պացիենտի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, և երեկ՝ հարցումից 30 օր անց, ստանում ենք հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների:

Նախ նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձել էինք պարզել, թե մինչև օրս որքան հավելավճար, պարգևավճար են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին միացած բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրներ, վարորդներ բուժակներ), և որքան գումար են ստացել հյուրանոցների պատասխանատուները, որոնք սպասարկել են և հետևել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին կարանտինի ժամանակ: Հետաքրքրվել էինք նաև, թե որքան գումար է հատկացվել 1 անձի համար՝ բուժում սնունդ, գիշերակաց և այլն: Եվ, ահա, այս հարցումից 30 օր անց Առողջապահության նախարարությունն այդպես էլ չի կարողացել հստակ պատասխանել այս հարցադրումներին և թվեր ներկայացնել: Այս հարցերին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից միայն երկու թիվ են նշել. նախ նրանք նշել են, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով պարգևատրման ֆոնդերը հունիսի 1-ի դրությամբ կազմել են 687 մլն 518 հազար դրամ, իսկ մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական վարձատրությունը կազմել է 150-ից 300 հազար դրամ: Մյուս հարցերի վերաբերյալ նախարարությունը թվեր չի նշել. «Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակված մեկ քաղաքացու վրա կատարվող միջին ծախսերի հաշվարկին, տեղեկացնում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հատուցում է բուժկենտրոնների ամբողջական պահպանման ծախսերը՝ աշխատավարձ, կոմունալ և էներգետիկ ծախսեր, դեղորայք, անհրաժեշտ պարագաներ և ընթացիկ ծախսեր:

Հաշվի առնելով վերապրոֆիլացված բուժկենտրոնների տարբեր մահճակալային ֆոնդերը, առկա ռեսուրսները, տարբեր ժամանակահատվածներում վերապրոֆիլացված լինելը, ինչպես նաև ընդունված պացիենտների ուղեկցող հիվանդությունները իրատեսական չեն դարձնում մեկ պացիենտի վրա միջին ծախսի գոյացումը»,- ասված է պատըասխանում: Եվ որքան էլ նախարարությունը փորձում է բացատրել և այլ կերպ ներկայացնել թվերի բացակայության պատճառները, սակայն փաստ է մեկ բան՝ մեր հարցմանն ի պատասխան՝ թիվ չեն ներկայացրել, քանի որ չունեն, այսինքն՝ հայտնի չէ՝ որքան գումար է ծախսվել, և որքան էլ պատճառաբանություններ լինեն, սա ոչ պրոֆեսիոնալ կառավարման դասական օրինակ է, ծախսում են ու չեն կարողանում այն հաշվարկել նույնիսկ 30 օրվա ընթացքում»:

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: