Իսպանական հանգստավայրերը կհսկեն 40 000 ոստիկաններ

Ավելի քան երկու շաբաթ առաջ Իսպանիան կրկին բացել է իր սահմանները Շենգենյան գոտու մյուս երկրների առջև, սակայն բազմաթիվ հանգստավայրեր երկրում կիսով չափ դատարկ են: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը` հղում անելով իսպանական «Local» ամսագրին։

Դա նշանակում է, որ չնայած մի քանի ամիս տևած կարանտինի և տեղաշարժման սահմանափակումների՝ եվրոպացի զբոսաշրջիկները դեռևս զսպում են իրենց, երբ խոսքը վերաբերում է Իսպանիայում հանգստանալուն։

Սակայն Իսպանիան ունի զբոսաշրջության կարիքը, եթե ցանկանում է խոչընդոտել իր ՀՆԱ-ի անկմանը 11 տոկոսով այս տարի, ինչպես և կանխատեսվում էր։
Դա ստիպել է Իսպանիայի իշխանություններին նախաձեռնել երկու փոխկապված արշավ՝ «Գործողություն՝ Ամառ» և «Անվտանգ զբոսաշրջության ծրագիր», որոնց նպատակն է երաշխավորել, որ Իսպանիան աշխարհում ամենաանվտանգ ուղղություններից մեկն է։

Անվտանգությունն ապահովելու և երաշխավորելու նպատակով երկրում 40 000 ոստիկան կտեղակայվի ամենահայտնի զբոսաշրջային շրջաններում՝ Անդալուզիայում, Աստուրիում, Բալեարյան կղզիներում, Կանարյան կղզիներում, Կանտաբրիայում, Վալենսիայում, Մադրիդում, Մուրսիայում։

Ոստիկանները կապահովեն ուժեղացված և կանխարգելիչ հսկողություն քաղաքային և միջքաղաքային տուրերի ժամանակ, կայարաններում, նավահանգիստներում, հյուրանոցներում և ճամբարներում Իսպանիայի ամբողջ տարածքում։

Բացի այդ, ոստիկանները կերաշխավորեն անվտանգության կանոնների պահպանումը յուրաքանչյուր շրջանում։ Օրինակ՝ Բալեարյան կղզիների բոլոր հանրային վայրերում անհրաժեշտ է դիմակ կրել։