Խուճապային տրամադրություններ Ադրբեջանի վերնախավում․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ հուլիսի 14-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. « «Օրերս ՊԵԿ-ում տեղի են ունեցել հարկայինի պետերի փոփոխություններ։ Օդիոզների բարեկամները համակարգից հեռացվելու փոխարեն, հիմնականում ռակիրովկայի են ենթարկվել։

Եթե հակիրճ անդրադառնալու լինենք, ապա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբայրը Արարատի հարկայինից տեղափոխվել է Եղեգնաձոր։ «Երևան» հիմնադրամի տարոնական տնօրենի որդին Եղեգնաձորի հարկայինից տեղափոխվել է Սևան։ Նախկին նախարար Սուրեն Կարայանի բարեկամ Արթուր Խաչատրյանը չի ընդունել Կապանի հարկայինի պետի պոստը և ՊԵԿ-ից ազատման դիմում է գրել։
Ավելորդ է նշել, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի 3 ընկերները ևս մնացին անձեռնմխելի և պահպանեցին յուղոտ տեսչությունները»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը։ ««Հայաստանում երեկ` հուլիսի 13-ին, արդեն չորրորդ անգամ երկարաձգվեց դեռ մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը: Եվ մինչ Հայաստանը իր ներսում պայքարում էր անտեսանելի թշնամու դեմ, լարվեց իրավիճակը արդեն հայ-ադրբեջանական սահմանին, և, ներքին թշնամու դեմ պայքարելուց բացի, սկսվեց պայքար նաև արտաքին թշնամու դեմ: Գաղտնիք չէ, որ սահմանին լարվածության պարագայում ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ, որի մեջ երեկ հայտնվեց նաև Հայաստանը:

Իսկ ի՞նչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում։ Մի խումբ հավաքի փորձեր էր անում, խորհրդարանում ԲՀԿ-ն, արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունները միասին պայքարում էին երկրում բողոքի ցույցերը թույլատրելու համար:

Այսինքն՝ ադրբեջանական կողմից սանձազերծած իրավիճակը նաև յուրօրինակ թեստ եղավ ինչպես իշխանությունների, ընդդիմության, այնպես էլ լրատվամիջոցների համար: Շատ կայքեր՝ նույնիսկ ընդդիմադիր ուղղվածություններ ունեցող, մեծամասամբ սպասում էին ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը և միայն դա հրապարակում, սակայն եղան արկածախնդիրներ, որոնք Հայաստանի սահմանի աննախադեպ ռազմական գործողությունները մատուցեցին ադրբեջանական լույսի նորքո։

Այսպիսով, նկատենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո սա փորձաքար էր ինչպես հեղափոխական իշխանության, այնպես էլ ընդդիմության համար, սակայն փորձը չհաղթահարվեց, և ընդդիմության կողմից եղան բազմաթիվ շահարկումներ՝ ընդհուպ վարչապետի զինվոր որդու հիշատակմամբ:

Ի ուրախություն բոլորիս՝ հայկական բանակը կարողացավ լուծել իր առջև դրված քաղաքական խնդիրը՝ առանց մարդկային զոհերի` ի տարբերություն Ապրիլյան պատերազմի հանգուցալուծման՝ 800 հա «անպիտան տարածքների» կորստի գնով։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը Տավուշի ուղղությամբ սկսել է հրետակոծությունը, որը շարունակվեց նաև մյուս օրը: Եվ, ահա, առաջին անգամ Հայաստանը սահմանային լարվածության մասով դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը պետք է երեկ արտահերթ նիստ անցկացներ, սակայն այն հետաձգվեց` որպես պատճառաբանություն նշելով, թե նոր տեղեկություններ են անհրաժեշտ այն անցկացնելու համար:

Միևնույն ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է համաձայն լինեն հայտարարության տեքստին և միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ սա հարձակում է եղել, հայտարարություն կլինի: «Դեռ պետք է ապացուցվի, որ սա հարձակում է եղել Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե սահմանային միջադեպ: Հենց փաստերի ուսումնասիրումն էր նիստի հետաձգման պատճառը»,-նկատեց նա: Թե, ի վերջո, ինչ դիրքորոշում կհայտնի ՀԱՊԿ-ը, դժվար է ասել, սակայն հայկական կողմի ներկայացված փաստերը կարող են շատ բան փոխել»:

Նույն թեմայի ներքո «Փաստ»-ը գրում է․«Կիրակի օրը և երեկ Ադրբեջանը հերթական անգամ դիմեց սադրիչ գործողությունների, որոնք ՀՀ ԶՈՒ կողմից ստացան համարժեք պատասխան: Արդյունքում, ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր ունեն: Հայ զինվորները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայոց բանակը մարտական է և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:

«Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ նման զարգացումը սպասելի էր իր համար՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում արդեն նաև Ադրբեջանի նախագահն էր ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններ անում: Նա ընդգծեց, որ սահմանին լարվածությունը սրելով՝ այսկերպ փորձ է արվում մեղմել Ադրբեջանի ներքին քաղաքական անկայուն կյանքը. «Ալիևի վարքագիծը տարօրինակ է հատկապես վերջին շրջանում:

Խուճապային տրամադրություն կա նաև Ադրբեջանի վերնախավում: Օրինակ՝ գիշերվա ընթացքում փոխանակ հասարակությանը սահման գնալու կոչ անի, կոչ է անում գնալ Բաքվի ազատության հրապարակ ու Ալիևի հրաժարականը պահանջել: Այսինքն, երկկողմանի սուր է. Ալիևի համար ոչ բարենպաստ իրավիճակ է թե՛ սահմանին, թե՛ ներքին քաղաքական կյանքում:

Եվ այս առումով նա բավականին աննախանձելի իրավիճակում է: Մյուս կողմից՝ միանշանակ կարող ենք ասել, որ Ալիևին չեն հետաքրքրում սեփական հասարակության մարդկային կորուստները: Հակառակը՝ կցանկանար, որ սահմանին ավելի շատ զոհեր լինեն, որ հայերի ու ադրբեջանցիների թշնամությունն ավելի խորանա, և ինքն այդ թշնամությունն օգտագործելով՝ իր իշխանությունն ավելի երկարացնի»:

«Իրատես»-ը գրում է․ «Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը, կարելի է ասել, աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ օգտագործելով հրետանային միջոցներ, տանկեր և այլն: «Իրատեսի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն ու ավելացնում՝ թշնամու նման պահվածքը, բնականաբար, անակնկալ չէ, ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, կանխատեսելի էր, որ ինչ-որ փուլում դիմելու էին նմանօրինակ սադրանքի։

Մանգասարյանը բացատրում է. երբ հակառակորդը նման տրամաչափի զինատեսակներ է օգտագործում, դա ինքնին լարվածության աճ է ենթադրում, իսկ իրադրությունը ցանկացած պահի կարող է ավելի սրվել։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ եթե հակառակորդը փորձի ուժի լեզվով խոսել, ապա զինված ուժերն ամեն ինչ անելու են դիրքային բարելավումներ ունենալու համար: Ենթադրում եմ, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև նման խնդիր դրված եղել է, ինչն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ի կատար է ածվել։ Բայց այստեղ պետք է մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնել. դիրք հետ բերելը մի խնդիր է, դիրք պահելը՝ մեկ այլ:

Վերջինը, ըստ իս, շատ ավելի ծանր է, քանի որ տվյալ դիրքի պաշտպանությունը պետք է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ կազմակերպել, հակառակորդը փորձելու է հակահարձակման անցնել, ինչը, բնականաբար, դժվարություններ է առաջացնելու՝ կապված տվյալ դիրքի հաղորդակցության, մատակարարման և այլ հարցերի հետ։ Մեր տղաները, վստահ եմ, այս անգամ նույնպես կարողանալու են լուծել իրենց առջև դրված բարդ ու դժվարին բոլոր խնդիրները, նրանք դա բազմիցս ապացուցել են»,- ընդգծում է մեր զրուցակիցը»: