Կալիֆորնիան կրկին փակվում է

Կալիֆորնիայի նահանգապետը նոր սահմանափակումներ է մտցրել բիզնեսի համար, իսկ նահանգի երկու խոշորագույն դպրոցական օկրուգները հայտարարել են, որ երեխաները չեն վերադառնա դպրոց կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Դեմոկրատ նահանգապետ Գեվին Նյուսոմը կարգադրել է փակել բարերը եւ ռեստորանները, կինոթատրոնները, կենդանաբանական այգիները եւ թանգարաններն ամբողջ նահանգում: Եկեղեցիները, մարզադահլիճները եւ վարսավիրանոցները կփակվեն համավարակից առավել շատ տուժած 30 օկրուգներում։

«Մենք բոլորս պարտավոր ենք սթափ խոստովանել, որ մոտ ապագայում COVID-19-ը չի անհետանա, քանի դեռ պատվաստանյութ եւ (կամ) արդյունավետ թերապիա չի հայտնվել»,- ասել է Նյուսոմը մենօրյա ճեպազրույցի ժամանակ։ Նահանգապետն այդ քայլը վճռական է անվանել COVID-19 դեպքերի նոր բռնկման կանխարգելման համար։

Նահանգի ամենամեծ դպրոցական օկրուգներ Լոս Անջելեսում եւ Սան Դիեգոյում, որոնցում 706000 աշակերտ եւ 80000 աշխատակից կա, հայտարարել են որ դասընթացները կանցկացնեն միայն առցանց:

Դպրոցական շրջանների հայտարարության մեջ նշվում է, որ այն երկրները, որոնք հաջողությամբ բացել են իրենց դպրոցները, արել են դա միայն վարակման դեպքերի կրճատման եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումների անհրաժեշտ թվին հասնելուց հետո:

«Կալիֆորնիայում չկա ոչ մեկը, ոչ էլ մյուսը,- նշվում է հայտարարության մեջ:- Վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարակման դեպքերի արագ աճող մակարդակը հասկացրեց, որ համավարակը վերահսկողությունից դուրս է եկել»:

Լոս Անջելեսի ուսուցիչներին ներկայացնող արհմիությունը ողջունել է այդ ռազմավարությունը՝ հայտարարելով, որ դրան աջակցել է անցած շաբաթ անցկացված ոչ պաշտոնական առցանց հարցման 18000 մասնակիցների 83 տոկոսը։

Առցանց կրթության մասին որոշումը կարող է խորացնել երկու շրջանների կոնֆլիկտը նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը սպառնացել է պատժել դպրոցական օկրուգներին, որոնք հրաժարվում են լիարժեք ստացիոնար կրթություն սկսել՝ նրանց զրկելով դաշնային ֆինանսավորումից կամ նույնիսկ ոչ հարկային կարգավիճակից: