Կրեմլում անհանգստացած են փոխհրաձգություններով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին․ Պեսկով

Կրեմլը խորապես անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած փոխհրձգություններով՝ կողմերին զսպվածության եւ հրադադարի կոչ անելով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող  փոխհրաձգությունների կապակցությամբ: Մենք երկու կողմերին էլ զսպվածության եւ հրադադարի ռեժիմի շրջանակներում պարտավորություններին հետեւելու կոչ ենք անում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում իրավիճակն այդ երկրների սահմանին։

«Ռուսաստան, մենք արդեն հայտարարել ենք այդ մասին տարբեր մակարդակներում, պատրաստ է գործադրել իր միջնորդական ջանքերը կարգավորման համար՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ: Դուք գիտեք, որ ինտենսիվ հեռախոսային շփումներ են եղել արտաքին գործերի նախարար (Սերգեյ) Լավրովի եւ նրա գործընկերների միջեւ Բաքվից եւ Երեւանից: Ուստի մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»,- հավելել է նա։