Դոնալդ Թրամփ․ Եվրամիությունը ստեղծվել է ԱՄՆ-ին շահագործելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին իր շահերի համար շահագործելու նպատակով։

«Չմոռանաք համաշխարհային մրցակցության մասին՝ Չինաստանի և ամբողջ աշխարհում շատ երկրների հետ: Մենք աներևակայելի տնտեսական մրցակցության վիճակում ենք, [խոսքը վերաբերում է] նաև Եվրոպային, որը երբեք մեզ լավ չի վերաբերվել: ԵՄ-ն ստեղծվել է, որ ԱՄՆ-ին իր շահերի համար օգտագործի: Այն ստեղծվել է, և նրանք ԱՄՆ-ից օգտվում են: Ես դա գիտեմ, նրանք գիտեն, որ ես դա գիտեմ, բայց մյուս նախագահները պատկերացում չունեին»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:

Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը ԵՄ-ի կողմից որևէ կոնկրետ գործողության օրինակներ չի բերել, սակայն ավելի ուշ հավելել է, որ ԱՄՆ-ն եվրոպական երկրների հետ «հոյակապ հարաբերություններ» ունի: «Նրանք ուղղակի առևտրի հարցերում մեզ այնքան էլ լավ չեն վերաբերվում: Նրանք մեր հանդեպ շատ տասնամյակներ անչափ անարդարացի էին: Դա շատ հեշտ է լուծել, և ես պատրաստ էի դա լուծել, բայց հետո մեզ հարվածեց համավարակը»։