Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ հուլիսի 15-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում, որի արդյունքում Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանները ստիպված կլինեն վճարել իրենց կողմից օգտագործված ջրի հեռացման համար: Կառավարությունը նախատեսում է, որ ձկնաբուծարանների կողմից ընդերքից արդյունահանվող, իսկ օգտագործումից հետո դրենաժային համակարգ լցվող ջրի համար պետք է առանձին վճար սահմանվի, որը կգործի 2021թ. հունվարից:

Ձկնաբուծարաններից գանձվող գումարը կօգտագործվի դրենաժային համակարգը մաքրելու համար: Հիմա այդ համակարգը մաքրվում է պետական միջոցներով, որը, սակայն, բավարար չէ համակարգի կենսագործունեությունն ապահովելու համար»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններներին։ «Այսօրվանից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: ՀՀ վարչապետի՝ փետրվարի 12-ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այս ամիսների ընթացքում աշխատել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա, և չնայած հայեցակարգը դեռ պատրաստ չէ, և այն պետք է ներկայացնել դեկտեմբերին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը որոշել է ավելի վաղ սկսել հանրային քննարկումները, չնայած մինչ այս ամենամոտ ժամկետ էր նշվում սեպտեմբերը:

Մենք տեղեկացանք, որ պատճառը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունն է և այն հանգամանքը, որ հանրային քննարկումներն անցկացվելու են առցանց ռեժիմով: Իսկ դա, բնականաբար, լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու, և հանրային քննարկումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջում: Ընդ որում, ինչպես քննարկում են իշխանության ներսում, այս նախագիծը պետք է լինի ամենալայն քննարկվածներից մեկը:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր առցանց հանրային քննարկմանը կմասնակցեն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

Սակայն մենք տեղեկացանք, որ սա ավելի ընդհանրացված քննարկում է, և մասնագիտական հանձնաժողովի անդամները պարզապես լսելու են քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքները և ներկայացնելու են կատարված աշխատանքները, փոփոխությունները, որոնք լինելու են:

Արդեն ընդհանրացված քննարկումներից հետո առաջիկայում սպասվում են նաև առանձին քննարկումներ՝ տարբեր շրջանակների հետ: Ընդ որում, արդեն այդ ժամանակ քննարկումները լինելու են գլուխ առ գլուխ, և չի բացառվում, որ վերջնական արդյունքում նախագիծը տարբերվի նախապես պատկերացրածից: Ամեն դեպքում, այդ պահի դրությամբ մասնագիտական հանձնաժողովի անդամները եկել են միասնական եզրակացության, որ պետք է վերացվի կայուն մեծամասնության դրույթը, ռեյտինգային համակարգը, սակայն կառավարման համակարգի փոփոխություն չի լինի»:

«Փաստ» թերթն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին․ «Մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունն այնպիսի տեսք ունի, որ Հայաստանի համար արտաքին անվտանգության սպառնալիքները միշտ ակտուալ են։ Մեր երկրի համար անվտանգության հիմնական սպառնալիքը գալիս է Ադրբեջանի կողմից, որը տարբեր միջոցներով փորձում է հասնել ռազմական գործողությունների վերսկսմանը և հրաժարվում է ճանաչել Արցախի անկախությունը։

Սակայն Հայաստանի համար մյուս մեծ արտաքին սպառնալիքը գալիս է հարևան Թուրքիայից։ Այս երկիրն արդեն ուրիշ քաշային կատեգորիա է, քանի որ 80 մլն-ից ավելի բնակչություն ունի, տիրապետում է ահռելի տնտեսական հզորության՝ անգամ Մեծ քսանյակի (G20) երկրների մեջ է մտնում, և ունի անհամեմատ հզոր ռազմական ներուժ՝ սպասարկելով ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևը։

Թուրքիան հակահայ քաղաքականության շրջանակում բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի հետ սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում թուրքական կողմը նախապայմաններ է առաջ դնում, որոնցից մեկն էլ վերաբերում է Արցախյան հակամարտության ադրբեջանամետ լուծմանը։

Բացի այդ, Թուրքիա-Ադրբեջան տանդեմը վարում է Հայաստանին տնտեսապես շրջափակման ենթարկելու և մեկուսացնելու քաղաքականություն։ Այդ պատճառով է, որ տարածաշրջանային գրեթե բոլոր ստրատեգիական նախաձեռնությունները և կարևորագույն հաղորդակցության ուղիները շրջանցում են մեր երկիրը։ Եվ ժամանակի ընթացքում Թուրքիան փորձում է ավելի մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում և անգամ տարածաշրջանից դուրս։ Պատահական չէ, որ թուրքական բանակը ժամանակ առ ժամանակ քուրդ զինյալներին ոչնչացնելու կամ այլ պատրվակներով ներխուժում է Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային հատվածներ՝ ոտնահարելով այդ երկրների ինքնիշխանությունը։

Հետաքրքրական է նաև, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը ուժեղացնել նաև միջերկրածովյան տարածաշրջանում։ Թուրքական կողմն ապօրինի հորատման ծրագրեր է իրականացնում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու և ափամերձ ծանծաղուտի սահմաններում, որը հարուստ է օգտակար հանածոներով։

Ու սրան զուգահեռ Թուրքիան չի խորշում Լիբիայի քաղաքացիական պատերազմում իր ներգրավվածությունն ավելացնելուց։ Իսկ իսլամական աշխարհում իր գերակայության հասնելու ձգտումով էլ պայմանավորված՝ Թուրքիան ստեղծել է աշխարհաքաղաքական հակասությունների բարդ շղթա։

2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 տարին, և այդ երկիրը ձգտում է այդ հոբելյանական թվականին վերականգնել իր հզոր տերության կարգավիճակը։

Եվ այս համատեքստում ադրբեջանական ուղղությունը մնում է թուրքական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Դրանով է պայմանավորված Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ թուրքական կողմի չափից ավելի ադրբեջանամետ արձագանքը։

Պատահական չէ, որ հայկական կողմի գործողությունները դատապարտեցին և Ադրբեջանին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա ԱԳ նախարար Չավուշօղլուն, ինչպես նաև նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։

Այսպիսի հայտարարություններով Թուրքիան լարվածություն է հրահրում տարածաշրջանում և փորձում է ձեռքերը տաքացնել այդ լարվածության կրակի վրա։ Պատահական չէ, որ վերջերս մամուլում հայտնվեցին գաղտնի փաստաթղթեր, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է ունեցել։ Չնայած շատերը լուրջ չեն ընդունում այդ ծրագրերը, սակայն դրանք լուրջ անհանգստանալու տեղիք պետք է տան։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Անհրաժեշտ է, որ մեր երկիրը ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը Թուրքիայի ախորժակը զսպելու ուղղությամբ, և դրա շրջանակներում խորացնի իր համագործակցությունը այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիայի հակասությունները խորանում են։ Այդպիսի գործընկերներ կարող են լինել Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Սիրիան, ինչու չէ, նաև Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը։ Այս կերպ պետք է զսպել ու հակակշռել Թուրքիային»,- գրում է թերթը։