Վեց ամիս ազատազրկում ՝ Facebook-ում կորոնավիրուսի մասին կատակների համար

Թունիսի դատարանը բլոգեր Էմնա Չարգիին դատապարտել է վեց ամսվա ազատազրկման և 700 դոլարի տուգանք է նշանակել՝ Facebook-ում կորոնավիրուսի մասին կատակների համար, որոնք գրվել են ինչպես Ղուրանից հատվածներ։ Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։

«Սա անարդար է… դա ապացուցում է, որ այստեղ ազատություն չկա»,- ասել է 27-ամյա Չարգին գործակալության հետ զրույցում։ Նա մտադիր է բողոքարկել 10 օրվա ընթացքում:

Մայիսին Չարգիի գրառումը առաջացրել էր սոցիալական ցանցերի որոշ պահպանողական օգտատերերի զայրույթը:

Դատարանի խոսնակ Մոհսեն Դալին ասել է, որ դատավճիռը կայացվել է կրոնների եւ ռասաների միջև ատելություն հրահրելու մեղադրանքով:

Հայտարարելով, որ Չարգին զոհ է դարձել «բռնատիրական օրենքին», որը սահմանափակում է խոսքի ազատությունը, Amnesty International-ը հայտարարել է, որ դատախազությունը թույլ չի տվել Չարգիի փաստաբանին ուղեկցել նրան դատարան, որտեղ նրան հարցրել են իր կրոնական համոզմունքների և հոգեկան վիճակի մասին:

Չարգին ազատության և կանանց խնդիրների վերաբերյալ բլոգ է վարում: