Apple-ը Samsung-ին մեծ տուգանք է վճարել

Apple-ը Samsung- ին վճարել է մեծ տուգանք, որը նախատեսված է եղել OLED վահանակների մատակարարման պայմանագրերով։ Այս մասին հայտնում է «Լենտա․ռու»-ն։

Վերլուծաբաններն ուսումնասիրել են կորեական ընկերության հաշվետվությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ եկամուտը գնահատելով 64 միլիարդ դոլար: Մասնագետները ստուգել են The Elec կորեական հրատարակության այն տեղեկատվությունը, որ շահույթի չափը ձեւավորվել է նաեւ Apple-ի վճարած 900 միլիոն դոլար տուգանքի պատճառով: Ըստ DSCC-ի, վճարումն իրականում կազմել է մոտ 950 միլիոն դոլար:

Ամերիկյան ընկերությունը Samsung-ին վճարել է տուգանք, որը նշանակվել է ավելի քիչ OLED վահանակներ ձեռք բերելու համար, քան նախատեսված է եղել պայմանագրում: Վերլուծաբանները եզրակացրել են, որ Apple- ը ստիպված է եղել ձեռք բերել ավելի քիչ մասեր՝ սմարթֆոնների շուկայում 2020-ի սկզբին պահանջարկի անկման պատճառով: