Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կամավորների մոտ իմունային պատասխան է առաջացրել

Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերության կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը ցույց է տվել, որ անվտանգ է, եւ փորձարկումների վաղ փուլում բոլոր 45 առողջ կամավորների մոտ իմունային պատասխան է առաջացրել, երեքշաբթի հայտնել են հետազոտողները, փոխանցում է Reuters-ը:

Պատվաստանյութի 2 դեղաչափ ստացած կամավորների մոտ եղել է հակամարմինների բարձր մակարդակ՝ միջին մակարդակից բարձր, որը նկատվում է COVID-19-ը հաղթահարած մարդկանց մոտ, New England Journal of Medicine ամսագրում հայտնել է պատվաստանյութը մշակողների խումբը:

Հետազոտությանը մասնակցած կամավորներից ոչ մեկը ծանր կողմնակի էֆեկտներ չի ունեցել, բայց կեսից ավելին հայտնել է թեթեւ կամ չափավոր ռեակցիաների մասին, ինչպիսին են՝ հոգնածությունը, գլխացավը, դողը, մկանային ցավերը կամ ներարկման տեղում ցավը: Այս ռեակցիաներն ավելի հաճախ հայտնվել են երկրորդ դեղաչափը ստանալուց հետո եւ այն կամավորների մոտ, որոնք առավել մեծ դեղաչափ են ստացել: