Սա կոնկրետ հանցագործություն է. Արծրուն Հովհաննիսյանը՝ ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարության մասին

Սա կոնկրետ հանցագործություն է: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը այն մասին, որ կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին։

«Օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով, պաշտոնապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հայտարարվեց Մեծքամորի ատոմակայանին հարվածելու մասին: Որեւէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն Հայաստանի ԶՈւ մարմինների կողմից չի եղել որեւէ նման քաղաքացիական կամ ռազմավարական, կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Ավելին, ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական գյուղերում որեւէ տուն չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական  գործիչները, մեր դիվանագիտական կորպուսը այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետեւ սա շատ կարեւոր եզրակացության տեղիք պիտի տա` սա կոնկրետ հանցագործություն է»,-ասաց նա: