Քողարկված տնտեսական ինտերվենցիա․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր հուլիսի 16-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության տեսչությունը սկսել է տուգանել այն տնտեսվարողներին, որոնք ոչ սպանդանոցային միս են վաճառում: Սակայն տեսչությունը չի գնում զանգվածային տուգանքների ճանապարհով, որը կարող է դժգոհության ալիք առաջացնել:

Առայժմ դիմում են ավելի մեղմ տարբերակի՝ տուգանում են հատուկենտ տնտեսվարողների, որպեսզի մյուսները զգուշանան և շարժվեն օրենքով նախատեսված նորմերով»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններին։ «Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր: Պետական սահմանի հյուսիսարևելյան` Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ էր իրականացնում, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 10 վիրավոր ունեցավ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Իսկ Ադրբեջանը պաշտոնապես 12 զոհ ունեցավ, որոնց մեջ կային գեներալ ու գնդապետ:

Իսկ ի՞նչ վիճակ է սահմանին այսօր: Երեկ Տավուշի մարզում ստեղծված Տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ Տեղեկատվական շտաբի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ»։ Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանի և Արդբեջանի միջև հրադադար է հայտարարվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ հրադադարի պայմանավորվածության մասով, բայց լինում է իրավիճակ, երբ գիշերները ակտիվությունն ընկնում է. եթե նման ինֆորմացիա ունենանք, մենք կհայտարարենք, կամ կարող է բրիֆինգներից դուրս ԱԳՆ-ն հայտարարել»:

Իսկ պաշտոնական Ադրբեջանն այս ընթացքում լռություն էր պահպանում: Չնայած մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ հակահայկական և պատերազմի կոչերով, այնուամենայնիվ, մինչ այժմ ազերիները որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել` իրենց գործողությունների մասով: Միայն հայտնի է, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել:

Արդյոք դիվանագիտական խողովակներով Ադրբեջանը հրադադա՞ր է աղերսել: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը դժվարացավ որևէ տեղեկություն տրամադրել: Միայն հայտնի է, որ հայկական դիվանագիտական հատվածն այս օրերին ակտիվորեն աշխատել է, ու թերևս բանակցություններն են բերել սահմանային խաղաղության, որն էլ ի վերջո հանգեցնելու է հրադադարի: Ադրբեջանն այլընտրանք չունի. բարձունքը նվաճված է, զիջում չի լինելու»:

«Փաստ» թերթը գրում է, որ ըստ իր տեղեկություններով՝ «Թուրքիայի հատուկ ծառայությունները վերջին ամիսներին հանձնարարություն են ստացել և ծրագիր են իրականացնում Հայաստանի տնտեսական ոլորտ ծածուկ ներխուժման հետ կապված:

Խոսքը միջնորդ կազմակերպությունների ներգրավմամբ տնտեսական կախվածություն ձևավորելու մասին է, ինչի միջոցով այնուհետ հնարավորություն կստեղծվի ներազդելու որոշ համակարգաստեղծ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության վրա: Թուրքերի թիրախում են հանքարդյունաբերության, էներգետիկայի և սննդամթերքի արտադրության ոլորտները:

Ըստ փորձագետների, նման դեպքերում սովորաբար գործում են միջնորդավորված, երրորդ երկրների՝ զուգահեռ ոլորտներում գործող և զգուշավորություն չներշնչող կազմակերպությունների միջոցով, որոնք կա՛մ հանդես են գալիս գրավիչ պայմաններով` բաժնեմասեր ձեռք բերելու առաջարկներով, կա՛մ էլ կանխավճարային և ներդրումային գործարքներ են նախաձեռնում՝ այդպիսով ֆինանսական ազդեցության գործիքներ ձեռք բերելով թիրախ հանդիսացող տնտեսվարողների հանդեպ:

Մեզ հետ զրույցում տնտեսական անվտանգության ոլորտի մի քանի փորձագետներ չբացառեցին նման զարգացումների հնարավորությունը, «մանավանդ, որ ներկա փուլում Հայաստանում ստեղծված տնտեսական իրողություններում մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնելով կամ խոստանալով՝ հնարավոր է ներխուժել բավականին խոշոր մասնավոր կառույցների կառավարման գործընթաց»:

Ըստ մեր զրուցակիցներից մեկի, նման ռիսկեր առկա են ցանկացած երկրում. «Երբ տնտեսական ճգնաժամ է, «քյաշի» դեֆիցիտ է, իսկ կառավարությունը անփորձ է, լիարժեք չի տիրապետում իրավիճակին, որևէ հնչեղ անվանումով օտարերկրյա ընկերություն կարող է անխափան գնել որևէ խոշոր տնտեսվարողի բաժնետոմսեր, իսկ ավելի ուշ կարող է պարզվել, որ այդ բաժնետոմսերի իրական շահառուներն են թուրք-ադրբեջանական շրջանակները:

Դա շատ պարզ իրագործվող միջամտության բանաձևերից է, քողարկված տնտեսական ինտերվենցիա է»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ներդրումային ոլորտում այս հանգամանքը պետք է ուշադրության արժանանա պատկան մարմինների կողմից»: