Այս գիշեր կրակոցներ են եղել նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի, Նախիջևանի հատվածներում. Ա. Հովհաննիսյան

Երեկ անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտ 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակոցները եղել են ոչ միայն բուն մարտական գործողությունների հատվածում, որոնք ընթանում էին վերջին օրերին, այլ Տավուշի ամբողջ սահմանի երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ:

Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում, երկրորդ բանակային կորպուսի հատվածում, ինչպես նաև Նախիջևանի հատվածում 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածներում:

Ըստ էության, եթե ամփոփենք այդ խախտումները, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է», — ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել, նույնն է. մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա:

«Անցնող գիշերվա ընթացքում եղավ հետաքրքիր տեղեկատվական գործողություն հակառակորդի կողմից. Տարբեր հեռախոսահամարների վրա ստացվել են կեղծ, լատինատառ, ոչ այնքան հասկանալի հաղորդագրություններ՝ սաստկության, զոհերի, արյան անհրաժեշտության մասին: Ես արդեն ասել եմ, որ դրանք կեղծ լուրեր են: Օպերատորները իրավիճակը շտկել են, հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որ դա հերքեն: Այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: