Ի՞նչն է եղել Լոնդոնում հայերի և ադրբեջանցիների քաշքշուքի պատճառը

Մենք տեղեկություններ ենք ստացել Անգլիայում Հայաստանի դեսպանատան առջեւ ադրբեջանցիների կողմից նախապատրաստվող բողոքի ցույցի մասին դրա մեկնարկից երկու օր առաջ, այդ մասին հայտարարել է Հայ-բրիտանական համայնքի խորհրդի նախագահ Արման Աբրահամյանը։

Տեղեկանալով այդ մասին՝ Խորհուրդն ու Հայ Առաքելական եկեղեցին կապ են հաստատել հայկական տարբեր կազմակերպությունների հետ, որոնք գործում են Մեծ Բրիտանիայի տարածքում, եւ հայտնել են նախապատրաստվող ցույցերի մասին։

«Մենք հավաքվել ենք Հայաստանի դեսպանատան մոտ՝ բողոքի ցույցին մասնակցող ադրբեջանցիների առջեւ։ Մենք անցկացրել ենք այդ ակցիան՝ ի նշան մեր հայրենիքի աջակցության»,-նշել է Աբրահամյանը։

Ընդ որում՝ նա հայտնել է, որ, չնայած հայ համայնքի ներկայացուցիչների բավականին զուսպ մոտեցմանը, ադրբեջանցիները շատ գրգռված էին, եւ ակցիայի ընթացքում նրանք բազմիցս փորձել էին հրահրել կոնֆլիկտ եւ ծեծկռտուք հայերի հետ։

«Եւ մի պահ ադրբեջանցիներից մեկը մոտեցել էր եւ փորձել խլել իմ պաստառը։ Արդյուքնում սկսվել էր ծեծկռտուք։ Միջամտել էր ոստիկանությունը, որը մեզ առանձնացրել էր։ Պաստառի վրա, որը փորձել էին խլել, գրված էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոռուպցիոներ է։ Ուշագրավ է այն, որ մեզ մոտ եղել են բազմաթիվ պաստառներ, կարգախոսեր, Հայաստանի եւ Ղարաբաղի դրոշը, պաստառներ գրառումներով, որ Ադրբեջանն է հրահրել հերթական էսկալացիան, սակայն ադրբեջանցի ակտիվիստը, չգիտես ինչու, փորձել է մեզնից խլել հենց այդ պաստառը»,-ասել է Աբրահամյանը։

Այդուհանդերձ, բախումներից հետո ոչ մեկը բերման չի ենթարկվել։ Աբրահամյանը նաեւ նշել է, որ ամբողջ այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները հետեւել են իրավիճակին, եւ բավականին օպերատիվ կերպով արձագանքել՝ չնայած նրանց նախազգուշացրել էին, որ ադրբեջանցի ակտիվիստները սադրանք են նախապատրաստում։

Բացի այդ, Հայ-բրիտանական համայնքի խորհրդի ներկայացուցիչը հավելել է, որ նրանց հայտնի չէ ադրբեջանական համայնքի կողմից նախապատրաստվող ինչ-որ նոր ակցիաների մասին։